ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Քաղաքապետարանի կրթության վարչության «անգործությունը» մտահոգում է Անահիտ Բախշյանին

Քաղաքապետարանի կրթության վարչության «անգործությունը» մտահոգում է Անահիտ Բախշյանին
25.06.2013 | 17:33

«Ժառանգություն» կուսակցության անդամ, «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը խիստ անհանգստացած է Երևանի քաղաքապետարանի կրթության ոլորտում իրականացված գործունեությամբ:

Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունը 2012թ. մայիսին ստուգման է ենթարկվել կրթության պետական տեսչության կողմից, որի արդյունքում արձանագրվել են բազմաթիվ թերություններ, բայց մինչ օրս ոչ ոք չի բարձրաձայնել այդ մասին:

«Կրթության վարչությունն աշխատում է ոչ կանոնադրական լիազորությունների շրջանակներում և ոչ աշխատանքային տարեկան հաստատված պլանով: Նախորդ տարի բյուջեին մեծ վնաս է հասցվել, բայց թե որքան, անհայտ է»,-ընդգծել է նա` հավելելով, որ ստուգումների ընթացքում դպրոցներին և մանկապարտեզներին առնչվող բացթողումներ նույնպես եղել են, բայց այդ առումով դարձյալ քննադատող խոսք որևիցե մեկը չի ասել:

Ա. Բախշյանն այսօր, Երևանի թիվ 56 մանկապարտեզի վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակ է ուղղել: «Վերջին 1 տարվա ընթացքում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ 11/11 ընտրատեղամասը տեղակայված էր Երևանի Արցախի 14 հասցեում: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկանքի՝ ընտրատեղամասը տեղակայված է Արցախի 14 հասցեում՝ թիվ 56 մանկապարտեզի շենքում: Հանրապետությունում տեղի ունեցած վերջին 3 ընտրություններում որպես Շենգավիթ համայնքում ընտրությունների պատասխանատու՝ անձամբ եղել եմ ընտրատեղամասում, որտեղ չկա մանկապարտեզ: Պարզել եմ, որ մանկապարտեզի շենքը սեփականաշնորհված է: Ավելին, ասում են, որ սեփականատերը վարձով է այն տրամադրում թիվ 11 ընտրատարածքայինին կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ստույգ չգիտեմ: Ակնհայտ է, որ Երևանի Արցախի 14 հասցեում գործած թիվ 56 մանկապարտեզը գոյություն չունի, դրա փոխարեն քաղաքապետարանի կայքի գործող մանկապարտեզների էջում մանկապարտեզը գրանցված է Ավանում»,- ասված է նամակում:

Տիկին Բախշյանը խնդրել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ տրամադրել տեղեկություն առ այն, թե երբ է օտարվել Արցախի 14 հասցեում գտնված թիվ 56 մանկապարտեզը, որ որոշմամբ և որ քաղաքապետն է ստորագրել որոշումը, երբ է կայացվել որոշում, որով Երևանի թիվ 56 մանկապարտեզը վերահասցեագրվել է Ավանում, ինչպես նաև՝ բոլոր այն իրավական ակտերը, որոնք առնչվում են մանկապարտեզի օտարման գործընթացին:

ՀՀ կրթության պետական տեսչությունը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչությունում 2012թ. մայիսի 14-ից հունիսի 14-ը իրականացրած ուսումնասիրության վերաբերյալ տեղեկանքում արձանագրել է, որ ուսումնասիրված 160 նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարբեր խմբերում ընդգրկված երեխաների թիվը գերազանցում է ՀՀ ԿԳ նախարարի 26.01.2007թ. հ. 29-Ն հրամանով հաստատված՝ ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերի խտությունը և նորմատիվները (մինչև 3 տարեկան՝ 15-20, 3-6 տարեկան՝ 25-30): «Ակնհայտ է, որ համատարած առկա այս անթույլատրելի փաստն անչափ վտանգավոր է 42 հոգանոց խմբի երեխաներից յուրաքանչյուրի համար, որովհետև մեկ դաստիարակը չի կարող վերահսկել ու ճիշտ կազմակերպել կրթությունը: Իհարկե, այս վիճակը հետևանք է Երևանում վերջին տարիներին տարբեր անհիմն պատճառներով փակված մանկապարտեզների՝ Երևանի թ.1, թ.56, Ներքին գործերի մանկապարտեզի, որը գտնվում էր Նալբանդյան 106 հասցեում, Մալաթիա-Սեբաստիա համայնքում տարբեր տարիներին փակված մանկապարտեզների»,- նշված է քաղաքապետին ուղղված՝ Անահիտ Բախշյանի մեկ այլ նամակում:

«Բարև Երևան» խմբակցության ղեկավարը հետաքրքրվել է նաև, թե քաղաքապետն ինչ է պատրաստվում անել այդ ուղղությամբ, ինչպես է քաղաքապետարանը լուծելու խնդիրը, որովհետև «2011-2015թթ. Կրթության զարգացման պետական ծրագիր» օրենքով նախատեսված է, որ 2015 թվականին նախադպրոցական տարիքի երեխաների 90%-ը պետք է հաճախի մանկապարտեզ, իսկ ներկայում Երևանում մանկապարտեզների տարբեր տարիքային խմբերում ընդգրկված է երեխաների ընդամենը 56,8%-ը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3046

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ